ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԵԹԵ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԻԱԲԱՆՎԵՆՔ, ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՏԱՆ

ԵԹԵ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԻԱԲԱՆՎԵՆՔ, ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՏԱՆ
27.11.2009 | 00:00

Վերջերս որոշ բնակավայրերում հավկիթի մեծությամբ կարկուտ եկավ և ամեն ինչ ավերեց՝ բերքի նշույլ իսկ չթողնելով: Իսկ բնակիչները փոխանակ Աստծո հետ հաշտվելը որոնելու, հեռատեսիլով ասում էին՝ մեզ համար էլ հակակարկտային հրանոթներ բերեք: Բայց որ ավերող կարկուտն Աստծո պատիժ է, այդ գիտենք Հին ու Նոր կտակարաններից և, ըստ Հայտնության Գրքի, Աստծուց հեռացողների համար ավելի է կարկուտը խոշորանալու, քան հավկիթը, որովհետև կարկուտի մեկ հատիկի կշիռն աստվածամերժների համար ապագա օրերում հասնելու է հիսուն կիլոգրամի, որ ոչ միայն բերք ու բարիք, այլև բնակավայրեր կոչնչացնի՝ իրենց բնակիչներով: Այսպես, փոքր-ինչ վախեցնող նոտայով սկսենք մեր այս փոքրիկ զրույցը:
Հին Կտակարանից մեջբերում անենք, որ բերք ու բարիք փչացնող կարկուտները Աստծո պատիժ են, և անկարելի էլ է, որ բերք ու բարիք աճեցնողը, բնության Տերը հենց այնպես իր աճեցրածն ավերի, եթե ոչ միայն չլսողներին պատժով խրատելու պատճառով: Կարդանք, տեսնենք, որ այդպես է.
«Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, և թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաև մարդկանց ու անասունների և Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»: Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրայ սկսեց կրակ թափուել: Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար: Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր: Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչև անասուն: Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը: Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց: Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Մեղք եմ գործել: Այսուհետև Տէրն արդար է» (մեջբերումը` Ելից գրքից):
Այսինքն թե՝ բերք ու բարիք ավերող կարկուտները մեղքի պատճառով են գալիս և, բնականաբար, ապաշխարությամբ կընդհատվեն, կվերանան:
Իսկ իրենների, Աստծուն խոստովանողների համար ասում է. «Եվ իմ ժողովուրդը պիտի բնակուի... յոյսով եւ լինի ապահով ու հանգիստ: Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու»:
Իսկ եթե, այնուամենայնիվ, կարկտի փորձության մեջ ենք, ըստ Աստվածաշնչյան խրատների, եթե խոստովանությամբ միաբանվենք ու խնդրենք Աստծուն՝ Քրիստոսի անունով, ապա կարկուտը և ամեն տեսակի այլ փորձություններ տեղի պիտի տան:
Կենդանի մի օրինակ հիշեմ։ Երկրաշարժից հետո մեկ տարի ապրեցի գրողների միության Գագրայի հանգստյան տանը: Այստեղ երկրաշարժից տուժածների խմբեր բերեցին, հիմնականում գյումրեցիներ էին: Հավատ ունեին, և նրանց քիչ թե շատ Ավետարան էի վերհիշեցնում, նրանց հավատը քաջալերում: Նրանցից մեկի հետ մի օր նավակ (մետաղյա՝ խաղալիքի նման, անվաթիակներով նավակներ կային, որ ոտքերի միջոցով պտտվելով առաջ էին տանում) նստեցինք ու ծով դուրս ելանք: Ափից բավական հեռացանք, և հանկարծ կարկուտ սկսվեց: Ալիքները մեծացան՝ բլրի նման ելնելով ու ձորի պես իջնելով: Մեր խաղալիք նավակը շուռ գալու վտանգի մեջ էր: Ընկերակիցս վախեցավ, իմ հույսն Աստծո վրա էր: Նրան հիշեցրի Տիրոջ խոսքը, թե՝ երբ երկու-երեք հոգով միաբանվեք, Ես այդտեղ կլինեմ: Եվ եթե հավատանք ու Քրիստոսի միջնորդությամբ Աստծուն խնդրենք, կարկուտը կդադարի:
-Ես քո հավատով՝ հավատում եմ,- ասաց:
-Աստված,- ասացի,- Քրիստոսի անունով եմ խնդրում, քանի որ մենք մեղավոր ու տհաս լինելով արժանի չենք, որ մեզ համար կարկուտը դադարեցնես, բայց Քրիստոսի անվանը մեր հավատալու համար թող դադարի կարկուտը:
«Դադարի» բառի վրա մի բան արձագանքեց երկնքում, և կարկուտը միանգամից դադարեց ու արևը փայլեց: Քիչ անց ընկերակիցս, որ սկզբում ցնցված էր (ինքս էլ էի ցնցված, փշաքաղվել էի, որ Աստված միանգամից պատասխանեց), ասաց` պատահականությո՛ւն էր: Ինքս էլ, թեպետ և վստահ էի, որ Աստված դադարեցրեց, բայց թունավոր մի միտք օձի պես կասկածել էր հուշում և հասկացա, որ մեր այս կասկածն Աստծուն հաճելի չի լինի և կարկուտը կրկին կգա: Այդպես էլ եղավ: Ավելի սաստիկ կարկուտ իջավ:
-Էլի՛ խնդրիր, մի բա՛ն արա,- աղաչում էր ընկերակիցս, ում հետ չկարողացանք լիարժեք հավատալ կամ մեր արդեն եղած հավատը պահել-պահպանել:
-Բայց պիտի երկուսով էլ չկասկածենք, որ Քրիստոսի միջնորդությամբ է այդ լինում,- պատասխանեցի ես: Եվ երբ տեսա, թե մի քիչ էլի հավատում է, էլի խնդրեցի և «դադարի» բառը կրկին արձագանք տվեց երկնքում, և կարկուտը միանգամից դադարեց: Ընկերակիցս ապշած ինձ էր նայում. ախր ակնհայտ էր, Աստված խոստովանությամբ խնդրանքը լսում է և պատասխանում, բայց քիչ անց էլի կասկածեց, և էլի կարկուտը շրխկաց: Երեք անգամ նույն բանը կրկնվեց մինչև ափ հասանք: Միայն թե վերջին խնդրանքին մեր հավատը, թվում է, բավարարեց, որովհետև խնդրեցինք, որ կարկուտն անձրևի փոխվի, նավակը շուռ չգա ու մենք փրկվենք և... լավ թրջված տեղ հասանք, սակայն ուրախ էինք, որ մեր խաղալիք նավակը շուռ չեկավ: Թեպետ մեր այդքան տկար հավատ ունենալն ամոթալի էր, բայց ես ավելի հավատացի և սիրեցի Աստծուն, որովհետև ակնհայտ էր պատասխանում, երբ խոստովանում էինք: Իր տված խոստումը Տերն ակնհայտ պահում էր, մենք մեր հավատը չկարողացանք պահել: Թերությունը մեր հավատի կյանքով չապրելու մեջ էր, որի համար հարկ էր, որ մենք էլ ջանք անեինք, առաջ գնայինք, աճեինք: Իսկ այժմ մտածում եմ. եթե երկու հոգու տկար հավատով մի քանի անգամ կարկուտը թեկուզ և կարճատև դադարեց, ապա աղոթքով Աստծուն խոստովանող, Քրիստոսի միջնորդությանը դիմող մեր կարկտահար բնակավայրերը հրաշալի արդյունքի կարող են հասնել նման փորձությունների ժամանակ: Եվ իրենց իսկ հավատով կփրկեն թե՛ իրենց հոգիները, թե՛ բերք ու բարիքը:
Ինչպես ասացինք, Աստծուն չխոստովանող մարդկության մեղքերի դիմաց այլևայլ աղետների հետ, որքան այդ մեղքերը մեծանան և չխոստովանվեն, կարկուտն այնքան խոշորանալու է: Հայտնության Գրքում կարկուտով նման պատժի զգուշացումն այսպիսին է. «Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով: Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն, որ երկնքում է, կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր և սաստիկ»:
ՈՒստի և բերք ու բարիք ավերող կարկուտն ապաշխարության կոչ է, Աստծուն դարձի կոչ:
Վերջերս հաճախ են հեռուստացույցն ու մամուլն անդրադառնում գլոբալ տաքացման և աշխարհում օրեցօր ակնհայտորեն ավելացող այլևայլ աղետների մասին, որոնք ամենքն էլ զգուշացված են Աստվածաշնչում: Այս կտրվածքով կարկուտի մասին սուրբգրային զգուշացումները, ինչպես պատժի համար նախատեսված մյուս բոլոր աղետները, ուղղորդում են նախ` մեր մեղքերի խոստովանությանը Աստծո առաջ և ապա Քրիստոսին հավատալու օգնությամբ՝ ապաշխարություններով բժշկման և ոչ երբեք թնդանոթներով ժամանակավորապես հպարտանալու, որ կարող է ավարտվել մեկ այլ, մեզ խայտառակող ավելի խոշոր աղետով:
Ամենքիս համար էլ լավն այն է, որ հավատ ունենանք, հավատ դաստիարակենք, խոստովանություն և ապաշխարություն դաստիարակենք մեր մեջ, որպեսզի լինենք այն մարդկանցից, որոնց համար գրվածքն այս է վկայում. «Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու»: Տա՛ Աստված, ջանք անենք դարձ ապրել, որ այս վերջիններից լինենք: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ